2020-ի նոյեմբերի 9-ին թշնամուն «գյոռբագյոռ անող» և «Շուշիի համար մարտերը շարունակող» իշխանությունը նույն օրվա գիշերն իր ստորագրությամբ ամրագրեց Արցախի պետականության կորուստը։
Շուշին նոյեմբերի 5-ին էր գրավվել, բայց պրոպագանդան այդ մասին չէր ասում, որպեսզի ֆեյսբուքյան մթնոլորտը պահպանվի։ Այդ հետո պետք է դարդ արվեր կորած օծանելիքի համար՝ Շուշին դժգույն քաղաք հռչակելուն ընդառաջ։
2020-ի նոյեմբերի 9-ի հիմքերը դրվեցին 2018-ի մայիսի 9-ին՝ Ստեփանակերտում։ Արանքում եղան Բոլթոնի պլանը, տխրահռչակ «Մյունխենյան սկզբունքները», «Հակամարտության լուծումը պետք է բավարարի Հայաստանի ժողովրդին, Ղարաբաղի ժողովրդին, Ադրբեջանի ժողովրդին» կեղծ խաղաղասիրական բանաձևը, փամփուշտները ձուլելու և զարդեր պատրաստելու կոչը, Տավուշյան «ճակատամարտը», Հ1-ով եթեր չգնացած «դարակազմիկ» հարցազրույցը։
Պատերազմն ու պարտությունը շատ դաժան էին։ Ոչ պակաս դաժան է նաև մինչև հիմա սեպտեմբերի 27-ի ու նոյեմբերի 9-ի արանքում մնալը։ Հայաստանը դեռևս չի կարողանում դուրս գալ պատերազմի ու պարտության միջավայրից և վերջապես մտնել նոյեմբերի 10-ի ռեժիմի մեջ։
Ալիևը շարունակում է հոխորտալ ու պահանջել։ Աշխարհը զարմացած հետևում է հայերի ինքնաոչնչացնող քայլերին։ Դաշնակից-բարեկամ երկրները դեռ պահում են Արցախն ու Հայաստանը՝ ի հեճուկս ՀՀ իշխանությունների ու ՀՀ քաղաքացիների մի ստվար հատվածի։
Հայկական օրացույցը հետ է մնացել աշխարհի օրացույցից, քանզի այնտեղ 2022-ի նոյեմբերի ինն է այսօր, իսկ մեզ մոտ «Շուշիի համար մարտերը շարունակվում են»...